Թուրքիայում նոր, լուրջ ցնցումներ են լինելու, եւ դա մեծ մարտահրավեր է Հայաստանի համար, քանի որ այդ երկիրը մեր ամենախոշոր հարեւանն է: Այս մասին ապրիլի 18-ին կայացած ամենամյա հաշվետու մամուլի ասուլիսին հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը:
Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիային հուզող ամենաորոշիչ խնդիրներից մեկն է հանդիսանում: «Այդ հարցը կատալիզատորի նման ցնցում է թուրքական հասարակությունը եւ ճգնաժամային երեւույթների խորացմանը նպաստում: Այստեղ մենք Թուրքիայի իշխանությունների եւ հասարակության միջեւ ջրբաժանի խորացման հետ գործ ունենք, այդ խորքերում նաեւ Հայոց ցեղասպանության հարցն է թաքնված»,-ընդգծել է Հայկ Դեմոյանը: Նա կարծիք է հայտնել, որ հարկավոր է հասկանալ` ինչպես կարելի է Թուրքիայի փոփոխական հասարակության հետ աշխատել` ոչ հարվածների տեղատարափի, այլ` փափուկ ուժի կիրառման շնորհիվ: «Մեր առաջնային թիրախը պետք է թուրք երիտասարդությունը դառնա»,- նկատել է նա, հավելելով, որ թանգարան-տնօրենի ինտերնետային կայքի այցելուները մեծ ի մասամբ Թուրքիայից են:


























