Հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքը երկաթգծի Վանաձոր-Ալավերդի հատվածի տասներորդ կիլոմետրում հաղորդակցության դադարեցման պատճառ է հանդիսացել։Այս մասին NEWS.am-ին հայտնում են Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։
«Երկաթգիծը կիրակի ծածկված է եղել 500 խ/մ հողով։ 14։35-ի դրությամբ ճանապարհը մասնակի մաքրված է եղել, գնացքների աշխատանքը ժամանակավորապես վերականգնվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Երկաթգծի վնասված հատվածի վերականգնման համար դեպքի վայր է հասցվել հատուկ տեխնիկա, որի օգնությամբ մաքրման աշխատանքները կշարունակվեն երկուշաբթի։
Վանաձոր-Ալավերդի հատվածը Երեւան-Թբիլիսի երկաթգծի մի մասն է։




























