Իր հայտարարությամբ Սերժ Սարգսյանը հավատարիմ մնաց երկրի Սահմանադրությանը, ըստ որի նույն անձը չի կարող երկու անգամից ավելի նախագահ լինել։ Այս մասին ապրիլի 19-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա այժմ, ըստ նրա, հանրապետության  վիճակը նման բարեփոխումների անցկացում չի պահանջում։

 «Սահմանադրական բարեփոխումների նախագիծը մեր ժողովրդի շահերից չի բխում եւ անժամանակ է», - նշել է Տաճատ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այսօր ավելի լավ է երկրի ողջ իշխանությունն ու հնարավորություններն օգտագործել արդյունաբերության զարգացման եւ արտասահմանյան շուկա դուրս գալու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 10-ին կայացած սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում նշել էր, որ մարդիկ, քաղաքական ուժերը, արդյունքերի, կարճաժամկետ շահերն անցողիկ են, իսկ Սահմանադրությունը ծառայելու է սերունդներին, այդ պատճառով էլ ինք ցանկանում է առաջինն քայլն անել, որպեսզի  սահմանադրական բարեփոխումների քննարկումները անցնեն իսկապես անկաշկանդ մթնոլորտում: 

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, եւ ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում», - հայտարարել էր նախագահը: