Այսօր` մայիսի 3-ից մինչեւ մայիսի 7-ը ժամը 18-20-ը, Թամանյանի արձանի հարևանությամբ ստորագրահավաք է տեղի ունենալու՝ ընդդեմ «Ուսանողական այգում» (Նախկին Ղուկաս Ղուկասյանի անվան այգի) իրականացվող կառուցապատման աշխատանքների։
Այս կապակցությամբ «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.
«Սիրելի համաքաղաքացիներ,
Մի քանի սերունդների կողմից սիրված „Ուսանողական այգին“ վերացման վտանգի տակ է: Այգում սկսվել է լայնածավալ շինարարություն, որը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ և սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի: Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից: Ընդհանուր օգտագործման տարածքների նման տնօրինումը Երևանի քաղաքապետարանի կողմից անընդունելի է և հանգեցնում է քաղաքի այգիների արագընթաց ոչնչացման։
Նախաձեռնող խումբը պահանջում է դադարեցնել շինարարությունն ու վերադարձնել այգին հանրությանը: Ընդամենը մեկ շաբաթում մենք դարձել ենք 2300 հոգի և պատրաստ ենք օգտագործել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված բոլոր միջոցները զբոսայգու կառուցապատումը կանգնեցնելու համար: Տասնյակ կամավորներ արդեն իսկ մասնակցում են ստորագրահավաքին: Սա բաց քաղաքացիական նախաձեռնություն է, որի նպատակն է փրկել Երևանի ոչնչացող զբոսայգիները` որպես քաղաքային մշակույթի կարևոր բաղադրիչ:
Կոչ ենք անում բոլորին միանալ „Ուսանողական այգում“ ծավալվող վանդալիզմի դեմ ստորագրահավաքին»:
Նշենք, որ հավաքված ստորագրությունները պետք է ուղարկվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին։




























