Աֆղանստանի Քանդահար նահանգի միջազգային օդանավակայանում հետաքննություն է սկսվել՝ կապված այդ երկրում ՆԱՏՕ-ի զորակազմի ղեկավարության կողմից գաղտնի բանտ կազմակերպելու հետ: Քննչական միջոցառումներ անցկացնելու համար կառավարական հանձնաժողով է ժամանել երկրի հարավ:
Հաղորդվում է, որ համապատասխան ստուգման մասին հրամանը տվել է անձամբ երկրի նախագահ Համիդ Քարզայը: Աֆղանական իշխանությունների տրամադրության տակ կան փաստեր, որ Քանդահարի միջազգային օդանավակայանի տարածքում օտարերկրյա զինվորականները կարող են ապօրինաբար Աֆղանստանի քաղաքացիների պահել:
«ՆԱՏՕ-ի ուժերը հաճախ են գործողություններ իրականացնում՝ առանց մեզ հետ համաձայնեցնելու: Մենք նախատեսում ենք մանրամասն հետաքննություն անցկացնել, առանձին ուսումնասիրել ձերբակալության յուրաքանչյուր դեպք եւ փակել ոչ լեգալ գործող բանտը: Հույս ունենք, որ հետագայում Աֆղանստանի անվտանգությանն աջակցող միջազգային ուժերի ղեկավարությունը նախապես կտեղեկացնի մեզ իր գործողությունների մասին»,-ասել է Աֆղանստանի ՆԳ փոխնախարար Ռահմաթուլլահ Աթրաֆին:
Հետաքննության վերաբերյալ մանրամասն զեկույցը մոտ ժամանակներս կներկայացնի երկրի նախագահին: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՆԳՆ-ի, ՊՆ-ի եւ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Փաշվոք» գործակալությունը:




























