«Ես ինքս չեմ ուզել ընտրվել, իմ անձնական որոշումն է եղել»: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կրթության եւ Գիտության նախկին նախարար, ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու չկա ՀՅԴ ԳՄ նոր կազմի մեջ:
«Սա իմ ցանկությունն է, իմ անձնական որոշումը: Ինքս չեմ ուզել ընտրվել»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը, թե մամուլը գրել էր, որ Սպարտակ Սեյրանյանը նեղսրտած էր հեռացել ԳՄ կազմից, վերջինս որակեց այն «հիմարություն»: Նա նաեւ հրաժարվեց գնահատել ԳՄ նորընտիր անդամներ Լիլիթ Գալստյանի, Պետրոս Մեղրյանի եւ Սամվել Երանյանի գործունեությունը:
Նշենք, որ «Իրավունք» թերթն այսօր գրել էր. «ՀՅԴ նորընտիր ԳՄ-ում, որը կազմված է 11 անձից, երեք անդամի փոփոխություն է տեղի ունեցել։ Մասնավորապես՝ Սպարտակ Սեյրանյանն ու Արսեն Համբարձումյանը չեն ընտրվել։ Իսկ նրանց ԳՄ-ում կփոխարինեն Պետրոս Մեղրյանը, Սամվել Երանյանը եւ Լիլիթ Գալստյանը։ Թե ինչն էր պատճառը, որ նախկին ԿԳ ՀՅԴ-ական նախարար, ապա ՀՅԴ խոսնակի գործը ստանձնած Սպարտակ Սեյրանյանը դուրս մղվեց ԳՄ-ից, «Իրավունք»-ը փորձեց պարզել նրանից, սակայն վերջինս հորդորեց դիմել Արմեն Ռուստամյանին կամ Աղվան Վարդանյանին. «Ես արդեն հարցին պատասխանեցի, հաջողություն...»,-ասել էր նա։




























