Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիայի հետ մշտական քաղաքական եւ դիվանագիտական երկխոսության շրջանակում, երկօրյա այցով Լոնդոն են գործուղում երկրի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի տեղակալ Վիլյամ Բերնսին: Հանդիպումների հիմնական թեմաների շարքում Ուկրաինայում ստեղծված իրադրությունն է: Այս մասին տեղեկություն է հաղորդել ԱՄՆ Պետքարտուղարությունը:

«Պետքարտուղարի տեղակալ Վիլյամ Բերնսը ապրիլի 22-23-ը Լոնդոն կայցելի, որտեղ հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի կառավարության` մասնավորապես արտաքին գործերի եւ Համագործակցության հարցերով նախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ` քննարկելու երկկողմանի հարաբերություններին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, այդ թվում` Ուկրաինայում ծավալված ճգնաժամը»,-ասվում է պաշտոնական հայտարարության տեքստում:

Ինչպես Ukrinform-ն է նշում, Մեծ Բրիտանիան այն երկրներից մեկն է, որ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ միասին, համաձայն 1994թ. բուդապեշտյան հուշագրի, երաշխավորել է Ուկրաինայի անվտանգությունն ու ինքնիշխանությունը` վերջինիս միջուկային զինաթափման փոխարեն: