ՕԵԿ-ից դուրս գալու դիմում է գրել նաեւ Կոտայքի փոխմարզպետ Ալբերտ Ղազարյանը: Այս մասին այսօր` ապրիլի 22-ին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է փոխմարզպետը: Հարցին, թե ինչը ստիպեց իրեն լքել կուսակցությունը, նա պատասխանել է. «Հարցը աշխատանքին մնալու կարեւորությունը չէր, պարզապես ես ինձ չեմ պատկերացնում ընդդիմությունում: Երկրորդը` շատ անսպասելի որոշում էր, եւ ես համենայնդեպս իմ հետագա գործունեությունը չեմ պատկերացնում ընդդիմության շարքերում»:

Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանի քաղաքական կուրսի փոփոխության հաճախականությանը, փոխմարզպետն ասել է, թե ինքը ՕԵԿ-ի շարքերն է անդամագրվել, երբ կուսակցությունն արդեն իշխանության հետ կոալիցիա էր կազմել. «Չեմ կարող որեւէ գնահատական տալ, որովհետեւ ես կուսակցություն եմ անդամագրվել 2010 թվականին, երբ իշխանություն էր»: Նա նշել է նաեւ, որ այս պահին միակ իշխանական ուժի` ՀՀԿ-ի շարքերը անդամագրվելու որոշում չի կայացրել. «Ժամանակը ցույց կտա, հիմա աշխատանքի առումով շատ ծանրաբեռնված շրջան է եւ նման թեմայով խոսակցություն դեռ չի եղել: Նման առաջարկ էլ դեռ չի եղել, դեռ չգիտեմ: Հատկապես որ վերջին օրերին ոչ աշխատանքային էր ու այս պահին էլ դեռ շարունակվում է մի կարեւոր գործընթաց` կառավարությունն է ձեւավորվում, մի խոսքով, այլ հարցեր քննարկելու ժամանակ չի եղել»:

Նշենք, որ ՕԵկ քվոտայով փոխմարզպետներ կան Կոտայքում, Գեղարքունիքում եւ Տավուշի մարզում: Գեղարքունիքի փոխմարզպետը սպասում է Արթուր Բաղդասարյանի ապրիլի 25-ի հայտարարությանը, որից հետո որոշում կկայացնի, Տավուշի փոխմարզպետը աշխատանքից դուրս գալու դիմում է գրել` մնալով ՕԵԿ շարքերում: