Ադրբեջանցի իրավապաշտպաններ Նովելլա Ջաֆարօղլուն, Սաիդա Հոջամանլըն, Սաադաթ Բանանյարլըն եւ Ավազ Հասանովը «Զերկալո» թերթի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի ձերբակալության առնչությամբ խնդրագիր են ներկայացրել նախագահ Իլհամ Ալիեւին:

Ինչպես ադրբեջանական ԶԼՄ-ներն են տեղեկացնում, իրավապաշտպանները նախագահին խնդրել են անձնական վերահսկողության տակ վերցնել Ռաուֆ Միրկադիրովի գործը, քանի որ չեն հավատում, որ լրագրողը կարող էր լրտես լինել:

Ռաուֆ Միրկադիրովը ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կալանավորվել էր ապրիլի 19-ին: Նա 2008թ. ապրիլ ամսից Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ է կասկածվում: Գլխավոր դատախազությունը պնդում է, որ լրագրողը մի քանի անգամ հանդիպում է ունեցել Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ եւ Ադրբեջանի հասարակա-քաղաքական հարցերին ու ռազմական ոլորտին վերաբերող նրանց հանձնարարությունները կատարել: