Գերագույն ռադայի նախագահ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը եւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ  Բայդենը Կիեւում հանդիպման ընթացքում քննարկել են  Ուկրաինայի իրավիճակը:

«Մենք նախատեսում ենք նորացնել իշխանական կառույցների ողջ համակարգը եւ պետության ու քաղաքացիների միջեւ հարաբերությունները», - ասել է Տուրչինովը՝ նշելով, որ հատուկ ուշադրություն է դարձվում իշխանության ապակենտրոնացմանը եւ մարզերին ավելի շատ ինքնուրույնության տրամադրմանը:

Նա նաեւ հավելել է, որ բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է միասնական, անպառակտելի, ժողովրդավարական Ուկրաինային:

 «Ուկրաինացիները պատրաստ են երկիրը պաշտպանել ՌԴ ռազմական ագրեսիայից», - ընդգծել է նա:

Ժնեւյան պայմանավորվածությունների հարցով Տուրչինովը նշել է, որ «ցավոք ոչ ՌԴ-ն, ոչ էլ նրա Ուկրաինայում գործող ահաբեկչական հատուկ ստորաբաժանումները մտադիր չեն կատարել ձեռքբերված պայմանավորվածությունները»:

Իր հերթին Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն ողջունում եւ սատարում է Ուկրաինայում փոփոխություններին եւ պատրաստ է ամեն կերպ աջակցել, հայտնում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով «Բատկիվշչինայի» մամուլի ծառայությունը: