Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 22-ին, Ազգային ժողովից արձանագրություն է ստացել Դավիթ Հարությունյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7-օրյա ժամկետում նիստ կգումարի եւ կկազմի արձանագրություն՝ պատգամավորական մանդատը «Հանրապետական» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին տալու վերաբերյալ»,- ասաց նա։
Նշենք, որ ընտրական ցուցակով հաջորդը ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանն է:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Դավիթ Հարությունյանն ապրիլի 18-ին նշանակվել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի նախագահի եւ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնները թափուր են մնացել: Դեռ հայտնի չէ, թե ով է այդ պաշտոններում փոխարինելու Դավիթ Հարությունյանին:




























