Աշխատանքային հերթական խորհրդակցության ժաման Երեւանի քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների եւ պուրակների, ինչպես նաեւ բակային տարածքների մաքրման եւ աղբահանության աշխատանքները: Նշելով, որ տարվող աշխատանքները դեռեւս գոհացուցիչ չեն, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին եւ ոլորտի պատասխանատուներին՝ անձամբ լինել տեղերում եւ վերահսկել կատարվող աշխատանքների ընթացքը: Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Եթե թեկուզ մեկ քաղաքացու չի բավարարում կատարվող աշխատանքի արդյունքը, ապա անձամբ այցելեք մատնանշված տարածք եւ պարզեք, թե որն է խնդիրը: Ու եթե տեղում համոզվեք, որ նշված թերացումն առկա է, ապա հանձնարարեք անհապաղ վերացնել այն: Բայցեւ դրանով էլ պետք չէ սահմանափակվել: Հենց հաջորդ օրը այցելեք նույն տարածքներ եւ պարզեք, թե ինչ է արվել ձեր հանձնարարականից հետո: Բացի այդ, փորձեք ավելի հաճախակի լինել ձեր վարչական շրջանների բոլոր տարածքներում ու տեղերում համոզվեք արդյոք բավարա՞ր է կատարվող աշխատանքը: Վստահ եմ, որ նման կերպ ձեր աշխատանքի արդյունքներն ավելի առարկայական ու շոշափելի կլինեն», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:




























