«Ուր ենք գնում» ակցիայի շրջանակներում Լվովում «Экспресс» պարբերականի վեց լրագրողներ իրենց երկաթյա շղթաներով ամրացրել են «Բուդապեշտ-Մոսկվա» միջազգային գնացքի վերջին վագոնին։
РИА Новости լրատվական գործակալության հաղորդմամբ, այդպես լրագրողները Ուկրաինայի գլխավոր դատախազությունից պահանջել են անմիջապես քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի 171 հոդվածով`"Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար", եւ անհապաղ միջոցներ ձեռնարկել լրագրողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու համար, ովքեր լրագրողական հետաքննություն են անցկացնում։
Որոշ ժամանակ անց Լվովի լրագրողները դադարեցրել են բողոքի ակցիան եւ հավաստիացրել, որ չեն ցանկացել «Բուդապեշտ-Մոսկվա» գնացքի ուղեւորներին անհանգստություն պատճառել, սակայն նրանց խոսքերով, սա թերեւս միակ միջոցն էր հասարակության եւ իշխանությունների ուշադրությունը հրավիրելու իրենց խնդիրների վրա։
Պարբերականի պաշտոնական կայքը հաղորդում է, որ «Экспресс»-ի խմբագրության ուղղությամբ անհայտ անձինք երեք անգամ կրակել են, գլխավոր խմբագրի վրա մի քանի անգամ մահափորձ է կատարվել։ Բացի այդ «սարքած» գործ է հարուցվել թերթի տնօրենի նկամամբ, դատախազությունը դիմել է դատարան՝ անիմաստ հայցով, որով պարբերականից պահանջվել է դադարեցնել դատախազների մեքենայությունների վերաբերյալ ինֆորմացիա տարածել։
Նշենք, որ մայիսի 3-ին նշվում է մամուլի ազատության միջազգային օրը։




























