Դաշտային հրամանատարների խորհուրդն այսօր՝ ապրիլի 23-ին նախատեսված ժողովն անցկացնում է ՀՀԿ կենտրոնական գրասենյակի առջեւ (ֆոտոռեպորտաժ):

«Մենք անցկացնում ենք էս իշխանության գողությանը նպաստող կուսակցության գրասենյակի առջեւ: Եկել ենք ասելու, թե իրենք ովքեր են, ինչ են արել, եւ մենք ինչ ենք արել եւ ու դեռ պիտի անենք»,- ժողովի սկզբում հայտարարեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյան:

Ազատամարտիկներից Խաչիկ Ավետիսյանն էլ նշեց, որ իրենք ծայրահեղ քայլերի չեն դիմում, որովհետեւ վաղն ապրիլի 24-ն է:

 «Կգա վաղը չէ մյուս օրը, դուրս ենք գալու փողոց եւ չենք գնալու տուն: Մեր պայքարը համակարգի դեմ է, իշխանության, ինչ-որ մարդկանց փոփոխությամբ ոչինչ չի փոխվի: Ամբողջ համակարգը պետք է փոխվի»,- ասաց Խաչիկ Ավետիսյանը՝ նշելով, եր ԵԿՄ 10-րդ համագումարի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեւ գիծ գծեց երկրապահի եւ Դաշտային հրամանատարների խորհրդի անդամների միջեւ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ելույթ ունեցող ազատամարտիկները կանգնած են գրասենյակի դիմաց գտնվող հիմնադրամի աստիճաններին, իսկ մի քանի շարքով պատ կազմած ոստիկանները՝ հենց գրասենյակի մուտքի մոտ: Գրասենյակի պատուհաններից ինչ-որ մարդիկ ծիկրակում են՝ հետեւելով ազատամարտիկների բացօթյա ժողովին:

Նշենք, որ ազատամարտիկները բողոքում են, որ իրենց արդեն չորս ամիս համերգասրահների տնօրենները խոստանում են դահլիճ տրամադրել, սակայն երկու օր անց զանգում եմ, ասում, որ ընտանիք ունեն, չեն ուզում աշխատանքից զրկվել, ու եթե իմանային, որ ազատամարտիկ են, չէին համաձայնի: Այսօր Հանրապետության հրապարակում նրանք նույնիսկ սպառնացին, որ եթե նույնիսկ դահլիճ չտրամադրեն, իրենք կդիմեն ծայրահեղ միջոցների՝ փակելով Աբովյան փողոցը: