Համաուկրաինական «Ազատություն» միավորումը դիմել է երկրի գլխավոր դատախազությանը, պահանջելով Ուկրաինայից արտաքսել Ռուսական ուղղափառ եկեղեցու հոգեւոր առաջնորդ Կիրիլին եւ քրեական գործ հարուցել նրա դեմ` Ուկրաինայի քրեական օրենսգրքի 161-րդ հոդվածի հատկանիշներով` «քաղաքացիների իրավահավասարության խախտում կախված նրանց ռասսայական, ազգային պատկանելիությունից կամ կրոնի հանդեպ վերաբերմունքից»:
Նրանց կարծիքով, Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իր քարոզներում «վիրավորել է տասնյակ միլիոնավոր ուկրաինացի ուղղափառների կրոնական զգացմունքները, որոնք չեն հանդիսանում մոսկովյան եկեղեցու այցելուներ»: Հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն:
Դրանից զատ, ազգայնական այդ միավորման ներկայացուցիչները հայտարարում են, որ պատրիարքը «ի այցելության մեծ մասը նվիրել է քաղաքական գործերին եւ իրեն պահել ոչ թե որպես հոգեւոր դեմք, այլ Կրեմլի հատուկ կոմիսար»:
Հիշեցնենք, որ Կիրիլը 10-օրյա հովվապետական այցելություն է կատարել Ուկրաինա, որն ավարտվել է այսօր:



















