ԱՄՆ իրավապահ մարմինները ճշտել են այն անձի ինքնությունը, որը կարող է մեղսակից լինել Նյու Յորքի Թայմս-Սքվերում ահաբեկչության փորձին: Ինչպես հաղորդում է Fox News-ը, այդ անձը, որի անունը չի հաղորդվում, ԱՄՆ քաղաքացի է: Վերջին մի քանի ամիսները նա անցկացրել է Պակիստանում եւ վերջերս է վերադարձել Ամերիկա:

Ինչպես ավելի վաղ է նշվել, Նյու Յորքի Թայմս-Սքվերում ահաբեկչությունը կանխվել էր, երբ շապիկների վաճառող Լենս Օրտոնը հայտնել էր ոստիկանությանը կասկածելի Nissan Pathfinder մեքենայի մասին, որի բեռնախցիկից ծուխ էր ելնում: Ավելի ուշ ականազերծողները մեքենայում հայտնաբերել էին պայթուցիկ սարք՝ բաղկացած երեք բալոն պրոպանից, երկու տարա բենզինից, մալուխից եւ ժամային մեխանիզմից: Ռումբը վնասազերծել էին, իսկ ականապատված մեքենան հանել Թայմս-Սքվերից:

Պատասխանատվությունն իր վրա էր վերցրել պակիստանյան թալիբների հետ կապված խմբավորումը: Սակայն Նյու Յորքի ոստիկանությունը հիմնավոր կասկածներ ունի, որ Թայմս-Սքվերի ահաբեկչության փորձը «Թալիբան»-ի հետ կապ չունի: