Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավար Գագիկ Խաչատրյանի հրահանգով 2010-ի ապրիլի 7-ին արգելանք էր դրվել «ՉԱՊ» ՍՊԸ-ի ԳԱԼԱ հեռուստաընկերության բանկային հաշիվների վրա՝ 822.000 դրամ «հարկային պարտավորություն» ունենալու պատճառաբանությամբ:
Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը, որում ասվում է.
«Այդ պաշտոնյան այնպիսի փութաջանությամբ էր լծվել ԳԱԼԱ ՀԸ աշխատանքը խոչընդոտելու գործին, որ հընթացս բազմաթիվ հակաօրինական գործողություններ է կատարում, մասնավորապես, առանց հիմնավոր բացատրության, „պատանդի“ կարգավիճակում է պահում հեռուստաընկերության չմաքսազերծված գույքը:
Պարզ չէ, թե ՀՀ ո՞ր օրենքի տառով է առաջնորդվել Գագիկ Խաչատրյանը, երբ որոշել է արգելանք դնել չմաքսազերծված գույքի վրա: Հարցի պատասխանը չգիտեն անգամ իրենք՝ հայրենի հարկահանները, որոնց կողմից, մեր բազմաթիվ հարցումներին սպառիչ պատասխան տվող որեւէ պաշտոնական փաստաթուղթ հեռուստաընկերությունը չի ստացել: Ի դեպ, սա եւս կառույցի ղեկավարի թույլ տված ապօրինության թարմ օրինակ է:
Գիտակցելով, որ չկշռադատված գործողությունները կարող են անցանկալի հետեւանքներ ունենալ, Գագիկ Խաչատրյանը նախորդ շաբաթ որոշեց ուղղել իր սխալը. հեռուստաընկերության բանկային հաշիվների վրայից հանելով արգելանքը, այն թողեց միայն դրամարկղի վրա՝ 822.000 դրամի չափով:
Ուշագրավն այն է սակայն, որ ՊԵԿ-ի ղեկավարը համառորեն շարունակում է „պատանդի“ կարգավիճակում պահել հեռուստաընկերության տեխնիկասարքավորումները: Մեզ քաջ ծանոթ եւ սովորական դարձած ժամկետանց մեթոդներով ՊԵԿ-ի ղեկավարը շաբաթներ շարունակ ոչ նախանձելի վիճակում է պահում իր ղեկավարած կառույցի աշխատակազմին: Մեղմ ասած, կարեկցանքի են արժանի Գագիկ Խաչատրյանի ենթակայության տակ աշխատող ազնիվ, անգամ անազնիվ մարդիկ: Իսկ կառույցի լրատվական բաժնի ներկայացուցիչներն արդեն չգիտեն ինչպես լղոզել իրենց պատասխանները, թեեւ պատասխան տվողները իրականում ծպտյալ, բարձրաստիճան հարկահաններն են: Տեղացի որոշ պաշտոնյաներ անգամ անկեղծորեն խոստովանում են, որ կրակն են ընկել իրենց ղեկավարի անտրամաբանական գործողությունների հետեւանքով»:




























