ՀԱՊԿ-ի՝ ՆԱՏՕ-ի հետ շփումներ հաստատելու ջանքերը դադարեցնելու որոշումը չի փոխում Հայաստանի դիրքորոշումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիկոլայն Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն, Ուկրաինայում ստեղծված իրադրության պատճառով, կդադարեցնի Հյուսիսատլանտյան դաշինքի հետ շփումների հաստատմանն ուղղված ջանքերը:
«Ուկրաինական ճգնաժամի ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի դրսեւորած դիրքորոշման հետեւանքով միառժամանակ կդադարեցնենք շփումների հաստատմանը եւ համատեղ գործողությունների իրականացմանն ուղղված բոլոր ջանքերը»,-նշել էր Բորդյուժան: Նրա խոսքով, ՀԱՊԿ-ը կզարգացնի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը:
«Մենք կընդլայնենք համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության հետ, կակտիվացնենք շփումները Չինաստանի հետ, հատկապես` մարտահրավերների եւ սպառնալիքների հակազդման շրջանակում համատեղ աշխատանքների առումով: Կընդլայնենք փոխգործակցությունը Իրանի հետ, հատկապես` թմրանյութերի դեմ պայքարում»,- ասել էր նա:
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն երկկողմ հարաբերություններ են զարգացնում Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում: Նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը հաստատել է, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները կայուն են, եւ բոլոր պարտավորություններն ու համաձայնությունները մնում են ուժի մեջ: «Մենք նախատեսված բոլոր միջոցառումները կիրականացնենք մինչեւ վերջ»,-ասել էր Սեյրան Օհանյանը:




























