Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, Մեծ Բրիտանիայի արդարադատության նախարար Ջեք Սթրոուն ասել է, որ եթե Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ հասնի Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատ, ինքը թույլ չի տա, որ դա ընդունվի:
Հիշեցնենք, որ Էրդողանին այս խնդիրը անհանգստացնում է, քանի որ վերջին ամիսներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւեր են ընդունվել Շվեդիայի, Կատալոնիայի խորհրդարանների կողմից, իսկ ԱՄՆ Կոնգրեսում էլ այն գտնվում է ընթացքի մեջ:
Ջեք Սթրոուի այս հայտարարությունից հետո բրիտանա-հայկական խորհրդարանական խումբն այս կապակցությամբ հարցնում է` արդյո՞ք Արդարադատության նախարարը ծառայում է արդարությանը, արդյո՞ք Բրիտանական խորհրդարանը կառավարվում է մեկ անձի կողմից, թե՞ խորհրդարանի մեծամասնության:
Բրիտանա-հայկական խորհրդարանական խումբը կարծիք է հայտնել, որ երբ նախարարը նման հայտարարություն է անում, նա վիրավորում է ժողովրդավարությունը հասարակության, խորհրդարանի մեջ եւ սպառնում է քաղաքացիների իրավունքներին: Այս մասին ասված է բրիտանա-հայկական խորհրդարանական խմբի տարածած հայտարարության մեջ:



























