2013թ. Ռուսաստանի Հեռավոր Արեւելքի ջրհեղեղների հասցրած ընդհանուր վնասը կազմել է 527 միլիարդ ռուբլի, հայտնել է փոխվարչապետ, Ռուսաստանի Հեռավոր Արեւելքի դաշնային շրջանում նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Տրուտնեւը:
«Ներկայումս հաշվարկված է ուղղակի եւ անուղղակի վնասը: Ուղղակի վնասը կազմել է 87,9 միլիարդ ռուբլի, անուղղակին՝ 439 միլիարդ ռուբլի: Ընդհանուր գումարն է՝ 527 միլիարդ ռուբլի», — պարզաբանել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Փոխվարչապետը հավելել է, որ 40 միլիարդ ռուբլի արդեն հատկացվել է վերականգնողական աշխատանքների եւ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, եւ նշել է, որ մինչեւ 2014թ. սեպտեմբերի 30-ը շրջանի՝ իրենց բնակարանը կորցրած բոլոր բնակիչները կտեղափոխվեն նոր տներ եւ բնակարաններ: Տներ պետք է կառուցվեն 3,466 հազար ընտանիքի համար, նշել է Տրուտնեւը:



























