Բալիի ուղղությամբ թռչող մարդատար ինքնաթիռի հարբած ուղեւորը, որ փորձել էր օդաչուի խուց թափանցել, ներկայումս կալանքի տակ է առնված: Այս մասին Ինդոնեզիայի հեռուստատեսությանը վկայակոչելով հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:
Ավիաընկերության ներկայացուցիչը հերքել է ինքնաթիռի առեւանգման փորձի մասին լուրերը: Նրա խոսքով, ուղեւորը հարբած է եղել:
Նախապես տեղական ԶԼՄ-ները տեղեկություններ էին հաղորդել առ այն, թե անհայտ անձինք փորձել են առեւանգել ավստրալական Virgin ավիաընկերության ինքնաթիռը եւ ստիպել են, որ այն հարկադիր վայրէջք կատարի Ինդոնեզիայի հանգստավայրային Բալի կղզում:
Ընդ որում, երկրի զինվորականները եւս հաստատել էին ինքնաթիռի առեւանգման մասին լուրերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ինքնաթիռը ներկայումս Բալիի միջազգային օդանավակայանի թռիչքուղու վրա է գտնվում: Այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում:




























