Ապրիլի 25-ի առավոտյան ժամը 8-ից «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի Լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները երկժամյա գործադուլ էին արել՝ ղեկավարությունից պահանջելով վերանայել աշխատանքային պայմանները, աշխատավարձերը եւ չխախտել աշխատողի եւ գործատուի միջեւ կնքված պայմանագրերը։
Գործադուլի դուրս եկած աշխատակիցների խոսքով՝ արդեն չորրորդ ամիսն է՝ կրճատվել են իրենց աշխատավարձերը, որի պատճառն ընկերության ղեկավարությունը չի բացատրում։
«Հիմա տեսեք, մենք յուրաքանչյուրս ամենաբարձր աշխատավարձը ստանում ենք 150 հազար դրամ, ամենաքիչը 120 հազար դրամ, պատկերացրեք՝ եթե դրա կեսն են տալիս, մենք ո՞նց ապրենք, էսքան չարչարվում ենք, գիտեն՝ հեշտ գործ ենք անում։ Դե էդ ղեկավարները թող գան, էս ծանրաքարշերի հետ աշխատեն, տոննանայանոց սարքերը մաքրեն ու էսպես շարունակ»։
Աշխատակիցների խոսքով՝ հանվել է երկարամյա աշխատանքի հավելավճարը, ավելացել՝ 5% պարտադիր կուտակային վճարը։ Դեպոյի աշխատակիցները 12 կետից կազմված պահանջագիր-նամակով դիմել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Վիկտոր Ռեբեցին, որը, սակայն, իրենց որեւէ հստակ պատասխան չի տվել։
«Ռեբեցը մի քանի օր առաջ էր եկել, մոտեցանք խոսելու, էնպես փախավ, որ անգամ մեր կողմը չնայեց, ինքը խուսափում է մեր հետ հանդիպելուց, թե ինչի, չենք հասկանում, մենք էլ նամակ գրեցինք, էդ պատասխանը, որը մեզ գրել է Ռեբեցը, պատասխան չէ, դրանով մեր վրա են ծիծաղում։ Հասկացանք՝ դեպոն են առել, հո մեզ էլ չե՞ն առել, մեր փողերը տվեք, մեր ընտանիքները պահենք»:
Նույն դիմումով վերջինները դիմել են նաեւ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինին, ՀՀ նախագահի աշխատակազմին, Ազգային անվտանգության վարչությանն ու Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն մինչեւ օրս որեւէ պատասխան չեն ստացել:
Այսօր առավոտից երկու ժամ՝ 08։00-ից մինչեւ 10։00-ն, դադարեցված էին բոլոր բեռնափոխադրումները, առավոտյան ժամը 08։00-ին Գյումրի-Երեւան գնացքը շարժվեց 20 ժամ 10 րոպե ուշացումով։
«Չենք շարժվելու, թող հասկանան՝ էլ ինչ կարող ենք անել, թող մեզ ներեն մեր ուղեւորները, բայց մենք հիմա պահանջատեր ենք դարձել ու պահանջում ենք մեր փողերը, հերիք է՝ մտնեք մեր գրպանները»,- նշեց մեքենավարներից մեկը:
Գործադուլավորներն ասում են՝ իրենց բողոքն այսքանով չի սահմանափակվի. եթե ղեկավարները խնդիրը սեղմ ժամկետներում չլուծեն, իրենք կդիմեն կտրուկ քայլերի, կփակեն Գյումրիից դուրս եկող բոլոր երկաթգծերը ու կդադարեցնեն դեպոյում իրականացվող բոլոր տեսակի աշխատանքները. «Եթե այս ամենից հետո կրկին արձագանքներ ու լուծումներ չեղան, մենք անժամկետ գործադուլ կանենք»:
Բացի Գյումրու կայարանի լոկոմոտիվային դեպոյի աշխատողներից, այսօր նույն ժամին գործադուլ են հայտարարել նաեւ Այրումի,Սանահինի դեպոների բոլոր աշխատակիցները։



























