Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղին օգնելու համար մի խումբ արվեստագետներ ցուցահանդես են բացել, որպեսզի նկարների եւ քանդակների վաճառքից ստացվող գումարը փոխանցեն Ադրբեջանից ընդամենը 18 կմ հեռու գտնվող գյուղին: Այս մասին այսօր` ապրիլի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին «Արվեստագետները` սահմանամերձ գյուղին» նախաձեռնության հեղինակները:
«Առաջին անգամ օգնել ենք Վազաշեն գյուղի ընտանիքներից մեկին, որն ապրում է սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում, ի ուրախություն մեզ` հասարակությունն արձագանքեց, եւ մենք կարողացանք այդ ընտանիքի համար տուն եւ փոքրիկ ֆերմա կառուցել: Դրանից հետո մենք որոշեցինք, որ պետք է բոլորին օգնել: Մեր նպատակն է կենսունակ զարգացող եւ արժանապատիվ կյանքով ապրող մի մոդել, որի հաջողության հասնելու դեպքում ներկայացնել պետությանը: Այս նպատակով այսօրվանից` ժամը 18:00-ին բացվում է ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվելու են 38 գործ»,- ասաց «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը:
Ցուցահանդեսին մասնակցելու ցանկություն են հայտնել 15 արվեստագետ: Այն բաց է լինելու մինչեւ մայիսի վերջ: 860 բնակիչ ունեցող գյուղը, որը 47% արտագաղթ ունի, այս պահին հատկապես էլեկտրական չորանոցի կարիք ունի: Արմինե Պետրոսյանի խոսքով` թշնամու կրակահերթի տակ ապրող գյուղացու սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու համար պետք է նախ եւ առաջ կարողանալ ապահովել մրգի եւ բանջարեղենի սպառումը:
«Վազաշենը նախկինում ունեցել է 1650 հեկտար հող, իսկ հիմա ընդամենը 165 հեկտար: Դե պատկերացրեք, սակայն հիմա էլ հրաշալի միրգ ունի, որը չորացնելու եւ չիր պատրաստելու համար հատուկ սարք է հարկավոր»,- նշեց Արմինե Պետրոսյանը:
Առաջիկայում ըստ արվեստագետների սպասվում են նորություններ, որոնց մասին դեռ չեն ցանկանում խոսել:




























