«S.O.S Սեւան» նախաձեռնող խումբը այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 12։00-ից, քայլերթով Սևան-Երևան մայրուղով ուղեւորվել են դեպի Սևան-Հրազդան ջրանցք՝ իրենց բողոքն արտահայտեու ընդդեմ Ազգային ժողովի առաջիկա քառօրյային ներկայացվելիք Սևանա լճի մասին կառավարության 2 նախագծերի։ Հիշեցնենք՝ նախագծերով նախատեսվում է ավելացնել Սևանից ջրի բացթողումը և ձկնաբուծարան կառուցել։ Բնապահպանները մտավախություն ունեն, որ այդ դեպքում Սեւանին վտանգ է սպառնում. լիճը կճահճանա։

«Ուզում են Սեւանա լճից 170 մլն խորանարդ մետր ջրի փոխարեն 240 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնել։ Այդպիսի որոշումներ կայացնելն անթույլատրելի է: Անթույլատրելի է այդ ձևով Սեւանին մոտենալը: Սեւանին նայում են ոչ թե որպես էկո համակարգ, այլ ջրահամակարգ: Պատճառաբանում են, թե Արարատյան դաշտում ոռոգման ջուրը չի հերիքում, պետք է Սևանից վերցնեն: Բայց եթե կանգնեց ջրի բարձրացման տենդենցը, կկանգնենք խնդրի առջև, Սևանա լիճը կճահճանա»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը, որը նույնպես մանսակցում է երթին։

Երթին մասնակցում են նաև բնապահպաններ Երևանից: Երթի մի քանի տասնյակ մասնակիցները  քայլում են «Ձեռք մի տվեք, Սևանին» կոչերով։

«Հույս ունենք, որ ճանապարհին մեզ էլի մարդիկ կմիանան, մենք նպատակ ունենք նախ իրազեկել բնակչությանը, ապա նաև կանխել օրինագծերի ընդունումը, այդ առթիվ ստորագրահավաք ենք իրականացրել»,- NEWS.am-ին ասաց նախաձեռնող խմբի անդամ Արփինե Մանուկյանը:

Բողոքի ակցիան կշարունակվի Երեւանում ապրիլի 28-ին, երբ Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյան։