Ես չեմ հուսահատվում, որովհետեւ գիտեմ՝  մի օր կքայլեմ,  իմ ընկերների նման կկարողանամ իջնել բակ ու խաղալ: Սրանք 7-ամյա Սամվել Բաբայանի խոսքերն են, ով մանկական ուղեղային կաթված ունի:

«Առաջ ընդհանրապես չէի կարողանում քայլել, շարժել ձախ ձեռքս, հիմա արդեն պատերից բռնվելով քայլում եմ: Ես պիտի քայլեմ ու երբ մեծանամ, որոշել եմ՝ բժիշկ եմ դառնալու, որ բոլորին բուժեմ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց 7-ամյա Սամվելը:

Նա հաճախում է Կապանի թիվ 6 դպրոցը, շատ գոհ է թե ուսուցիչներից, թե ընկերներից, ասում է՝ նրանք ամեն ինչով օգնում են իրեն: «Առավոտյան մամաս ինձ գրկած կամ տաքսիով դպրոց է տանում, սպասում էնտեղ, որ դասերս ավարտվի, հետո տատիկի հետ միասին տուն են ինձ բերում, եթե արեւ է լինում, սիրում եմ քայլել: Դպրոցում՝ պատերից բռնվելով գնում եմ գրատախտակի մոտ կամ էլ ձեռք եմ բարձրացնում, գումարում-հանումը ասում, ուսուցչուհիս գրում է իմ փոխարեն: Լավ ընկերներ ունեմ, հենց տեսնում են՝ չեմ կարողանում իրերս հավաքել, գալիս, օգնում եմ կամ էլ մամայիս են կանչում: Առարկաներից ամենաշատը մայրենին ու մաթեմատիկան եմ սիրում, շատ աստղիկներ եմ ստանում»,- պատմում է 1-ին դասարանի աշակերտը:

Դպրոցում լավ սովորելուց բացի՝  երեխան նաեւ բացառիկ երաժշտական ունակություններ ունի: Թեեւ մատները դժվարությամբ է շարժում, բայց սիրում է շվի եւ դաշնամուր նվագել, երգում է ժողովրդական, գուսանական երգեր: Ամենից շատ տխրում է, որ չի կարող երաժշտական դպրոց հաճախել, որպեսզի իր ձայնը մշակեն:  7-ամյա Սամվելը բժիշկ դառնալուց եւ երաժշտական դպրոց հաճախելուց բացի՝ այլ ցանկություններ եւս ունի: Այս պահին նրա ամենամեծ ցանկությունը հենակներ ունենալն է եւ դրանց միջոցով հարմարեցված միջավայրում տեղաշարժվելը:

Զրուցեցինք նաեւ Սամվելի մոր՝ 32-ամյա Աննա Նավասարդյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում պատմեց, որ Սամվելը տան ավագն է, ունի 5-ամյա եղբայր, վեց հոգով ապրում են մեկսենյականոց բնակարանում, ընտանիքում աշխատում է միայն հայրը, ով հրշեջ է:  Ծնողները երեխայի մոտ մանկական ուղեղային կաթվածի առկայությունը հայտնաբերել են 3 տարեկանում՝ խիստ պատահական: Սամվելը ծնվել է վաղաժամ՝  7 ամսականում, անմիջապես տեղափոխվել Երեւան եւ բուժում ստացել աղիքների հետ կապված:

«3-ամսականում ստամոքսի ուղղությամբ կարմիր բշտիկ սկսեց աճել, ոնց որ մեծ մարդու աչք լիներ: Ասացին՝ բարորակ ուռուցք է, վիրահատեցինք: Հետո բժիշկները ասում էին, որ հնարավոր է երեխան շուտ չշարժվի, էդպես էլ եղավ, բայց չէինք պատկերացնում, թե նման խնդիր կարող է լինել, երբ մեծացավ, այդ ժամանակ զգացինք, որ երեխայի մոտ խնդիր կա: Երբ գրկում էինք, ոտքերը խաչաձեւ էր պահում, աջ ձեռքը ավելի ակտիվ էր շարժում, իսկ ձախը բացարձակ  չէր օգտագործում: 3 տարեկան էր, բժիշկ Քոլոյանը եկավ Կապան, տեսավ երեխուն, ասաց, որ մանկական ուղեղային կաթված է մոտը»,- պատմում է մայրը: Մեկ տարի առաջ երեխային վիրահատել են՝ երկարացնելով ոտքի մկանը, եւ եթե նախկինում թաթերի վրա էր քայլում, ոտքերն էլ՝ խաչաձեւ, ապա այժմ կարողանում է ոտքը գետնին դնել: Երեխային տարվա մեջ 4 անգամ բերում են Երեւան՝  վերականգնողական բուժումների:  «Մասնագետը ասում է, որ իրեն հատուկ հարմարություններ են պետք, հատուկ սեղան, քնելու տեղ, հագուստ, ինձ համար 5000 դրամը ես շատ եմ համարում, որ կոշիկ առնեմ, պահում եմ, իրեն եմ առնում, ամեն մի կոշիկն էլ արժե 20-25 հազար դրամ: Ամեն ամիս 19 հազար դրամ թոշակ է ստանում, բայց դրանով մենք ի՞նչը կարող ենք հասցնել».- նշեց մայրը:

Ինգա Մարտինյան

Լուսանկարները տրամադրել են Սամվելի ծնողները