Երեւանում խորը էտում են կամ արմատախիլ են անում այն ծառերը, որոնք հիվանդ են եւ «փրկել» հնարավոր չէ: Այս մասին NEWS.am-ին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով մայրաքաղաքում կատարվող միանման էտման աշխատանքներին:
«Մեծ մասամբ թեղիներն են էտում, որոնք քաղաքում շատ դժվար են աճում: Այդպիսի ծառերը կամ պիտի թունաքիմիկատներով սրսկել, կամ էտել: Քանի որ ժողովուրդն էլ բողոքում է, որ ծառերի հիվանդության պատճառով առաջացած միջատները թափում են մարդկանց գլխին, դրա համար ստիպված էտում են: Առաջ շատ ավելի խորն էին էտում, թողնում էին միայն հիմնական ճյուղերը, իսկ հիմա թողնում են մի քանի ճյուղեր»,- ասաց նա:
Բնապահպանի խոսքով՝ չարժե անհանգստանալ այն ծառերի համար, որոնք արմատախիլ են արվում, քանի որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով:
«Էնքան մակերեսային են արմատները, որ ծառը արմատախիլ են անում, քանի որ ճոճվում են եւ վտանգ են ներկայացնում: Բացի դրանից խորը էտում են հիվանդ ծառերը: Իսկ արմատախիլ արված ծառերի փոխարեն սովորաբար նորերն են տնկում»,- ավելացրեց Կարինե Դանիելյանը՝ նշելով, որ երբ իր համաձայնությունն են հարցնում արմատախիլ անելու վերաբերյալ, ինքն անպայման երաշխիք է ուզում, որ ուրիշ ծառ կտնկեն դրա փոխարեն:
Մեր հարցին՝ արդյոք ծառերի էտումը վտանգավոր չէ թռչունների բույների համար՝ բնապահպանը պատասխանեց. «Հիմնականում խիտ այգիներում են լինում բույները, իսկ գազոններում գրեթե չեն լինում: Սակայն ծառերն այնքան քիչ են Երեւանում, որ ստիպված փոքրիկ թփերի եւ ծաղկամանների վրա թռչունների բույն դնում: Օրինակ՝ ես պատշգամբում մի փոքրիկ ծաղկաման ունեմ, որի վրա աղավնին եկել բույն է դրել»:


























