Չեմ կարծում, թե սահմանադրական բարեփոխումները հիմա անհրաժեշտ են Հայաստանին, ապրիլի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ երկրում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ է տիրում, եւ այս պայմաններում սահմանադրական բարեփոխումները վաղաժամ են: Ի պատասխան հացին, թե հնարավոր է, որ գործող նախագահն, այնուամենայնիվ, փորձի սահմանադրական բարեփոխումների միջոցով իրեն նախագահական երրորդ ժամկետ ապահովել, Բաղդասարյանն ասել է. «Ոչ,  նա ինքն է հայտարարել, որ երրորդ ժամկետի չի գնա»:

Քաղաքական գործիչը վստահեցրել է, որ ինքը եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընկերներ են, սակայն կյանքում այնպես է լինում, որ ընկերների ճանապարհները բաժանվում են: «Մենք նորմալ ընկերական եւ աշխատանքային հարաբերություններ ունենք: Սակայն մեր ճանապարհները բաժանվել են: Իհարկե, ես քննադատելու եմ նրա այն բոլոր քայլերը, որոնք կհամարեմ սխալ, սակայն միաժամանակ պատրաստ ենք աջակցել իշխող կուսակցությանը: Սակայն նախագահի հրաժարական պահանջելն անբարոյական կլինի իմ կողմից, մենք համատեղ ուղի ենք անցել»:

ՕԵԿ-ի առաջնորդը նաեւ նշել է, որ իր գլխավորած ուժը հերթական անգամ ընդդիմություն կդառնա:  «Քաղաքականությունում կուսակցությունները կամ իշխանություն են կամ ընդդիմություն, այլ հնարավորություն չկա: ՕԵԿ-ը կդառնա ընդդիմություն: Մենք ազատություն ենք ցանկանում: Մարդն ազատություն է ցանկանում, երբ զգում է դրա կարիքը: Մենք կդառնանք ընդդիմություն եւ կհրաժարվենք մեր պաշտոններից»:

Բաղդասարյանը նաեւ հայտնել էր, որ կզբաղեցնի Հայաստանում ՀԱՊԿ Ակադեմիայի խորհրդի նախագահի պաշտոնը: Նա չի բացառել, որ 2018թ. ՀՀ նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը, չնայած որ նախկինում կտրականապես հերքել էր այդպիսի հեռանկարը: