«Շիրակ կենտրոնը» օրեր առաջ «Գյումրիի ժամանակավոր կացարանների անօթեւան եւ սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքների անվճար սպասարկման համար բարեգործական կենցաղի տուն» հիմնելու հրապարակային առաջարկությամբ էր հանդես եկել: Նույն նպատակով դիմում-կոչ էր հասցեագրել նաեւ ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, միջազգային բարեսիրական կազմակերպություններին եւ բարերարներին: Կազմակերպությունն արդեն իսկ ստացել է գրավոր արձագանքներ Գյումրիի քաղաքապետից եւ Շիրակի մարզպետից:
Ստորեւ ներկայացնում ենք պատասխաններն ամբողջությամբ.
«Ի պատասխան Ձեր 2014 թվականի ապրիլի 09-ին Գյումրու քաղաքապետին ուղղված դիմում-կոչի՝ հայտնում ենք, որ Գյումրիի քաղաքապետարանը պատրաստակամ է ընդառաջ գնալու Ձեր՝ մեր կարծիքով մարդասիրական կոչին, եւ իր լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում ցուցաբերելու կազմակերպչական, ֆինանսական եւ գործնական բնույթի աջակցություն՝ Ձեր կողմից մատնանշված առաջարկը իրականացնելու գործում:
Գյումրիի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Ռ. Ասատրյան 15.04.2014թ. »
«… Գյումրիի ժամանակավոր կացարաններում բնակվող անօթեւան եւ սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ընտանիքներին անվճար սպասարկման համար բարեգործական կենցաղի տուն հիմնելու վերաբերյալ Ձեր առաջարկությունը կքննարկվի համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում:
ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ՝ Ս.Պետրոսյան, 18.04.2014 թ»




























