Մեկ շաբաթվա ընթացքում պարզ կլինի, թե որտեղ կհուղարկավորվի ապրիլի 24-ին Լոս Անջելեսում 85 տարեկան հասակում մահացած կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնե կոմպոզիտորի ընկերներից հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանը:

Նրա խոսքով՝ այս պահին Լոս Անջելեսում քննարկվում է այն հարցը, թե որտեղ կհուղարկավորվի Օրբելյանը:

«Ամեն դեպքում Կոնստանտին Օրբելյանը ոչ Հայաստանում, ոչ էլ ԱՄՆ-ում հարազատներ չունի»,- ասաց «Մալխասը»՝ նշելով, որ այդ հարցը պետք է քննարկվի պետական մակարդակով:

Նշենք, որ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծվելու է թաղման կառավարական հանձնաժողով:

Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում:

1942թ. աշխատել է ավիացիոն կորպուսի ջազային խմբում` որպես դաշնակահար եւ ակարդիոնահար: Որոշ ժամանակ անց, ռազմական օրկեստրի հետ, համերգներով հանդես է եկել Երեւանում, ապա` Հայաստանի էստրադային նվագախմբում: 1945թ-ից նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաեւ ստեղծել է նոր մեղեդիներ: Առաջին գործերից է «Օրորոցայինը»:

36 տարի գլխավորել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների` «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու այն չէս, ով պետք է ինձ», «Հիշեք» եւ այլն: 1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:

1992թ. մեկնել է ԱՄՆ եւ բնակություն հաստատել Սան-Ֆրանցիսկոյում: 2012թ. պարգեւատրվել է ՀՀ Պատվո շքանշանով: