Հայաստանյան տպագիր մամուլում այսօրվա դրությամբ սարսափելի մեծ թվով կուտակված խնդիրներ կան՝ ֆինանսատնտեսական, պաշտպանված լինելու, բարոյահոգեբանական եւ իշխանությունների հետ հարաբերվելու։
Նման հայտարարությամբ մայիսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկավ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։
Նշելով, որ տպագիր մամուլը «բազմազան եւ բազմաշերտ թնջուկների մեջ է հայտնվել», նա նկատեց, որ վերջին 20 տարիների ընթացքում այդ խնդիրների լուծման ուղղությամբ ոչ մի էական քայլ չի կատարվել. «90-ականներին, գուցե, տպագիր մամուլում աշխատող լրագրողների համար ավելի հեշտ էր, քան 21-րդ դարում։ Այդ տարիների ընթացքում տպագիր մամուլի քիչ ներկայացուցիչների է հաջողվել պայքարի բովից դուրս գալ անփորձանք»,- նկատեց Ա. Օհանյանը՝ ավելացնելով, որ դա վկայում է հասարակության եւ իշխանությունների՝ մամուլի հանդեպ հարգանքի պակասի մասին։ «Իշխանությունները կա՛մ փորձում են մումուլը դարձնել իրենց ենթակա ու կառավարելի, կա՛մ փորձում են այնպիսի խոչընդոտներ առաջացնել, որոնք անհնար կդարձնեն նրա գոյությունը։ Իսկ անազատ երկրում ազատ մամուլ չի կարող լինել»,- համոզմունք հայտնեց «Հրապարակ»-ի գլխավոր խմբագիրը։
Լրատվամիջոցների առջեւ ծառացած մյուս խնդիրների թվում Ա. Օհանյանն առանձնացրեց իրացման եւ մարկետինգի, կադրերի պակասի, ինչպես նաեւ լրատվամիջոցների անվտանգության հետ կապված հարցերը. «Թեպետ երկրում եղանակ եւ հասարակական կարծիք ձեւավորում է տպագիր մամուլը, սակայն ամենաանպաշպան վիճակում գտնվում է հենց նա։ Մենք խնդիրներ ունենք օլիգարխների եւ քրեական տարրերի հետ, մենք ներգրավված ենք բազմաթիվ դատական գործընթացներում, եւ անսպասելի չի լինի, եթե մի օր ներխուժեն մեր խմբագրություն, որտեղ հիմնականում կանայք են աշխատում։ Չնայած այս ամենին՝ մենք աշխատում ենք, քանի որ ինֆորմացիայի դեմ դուռ փակել հնարավոր չէ»,- ընդգծեց Ա. Օհանյանը՝ որպես մտահոգության առարկա նշելով նաեւ ինտերնետային եւ տպագիր մամուլի աճող մրցակցության հարցը։
Ամփոփելով՝ նա անդրադարձավ նաեւ լրատվամիջոցների գործունեությունը առավել վերահսկելի դարձնող օրենսդրական հայտնի փոփոխություններին՝ նկատելով, որ «ոտքից գլուխ կրիմինալ մարդիկ իրավունք չունեն սահմանափակել մամուլի ազատությունը»։




























