Շատ օգնող, հասնող եւ հետաքրքիր մարդ էր: Կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ Կոնստանտին Օրբելյանին այսպես բնութագրեց լավագույն ընկերներից մեկը՝ հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանը:
«Կոնստանտին Օրբելյանի մասին կարելի է երկար խոսել: Նա ներկայացրեց մի հսկայական էպոխա՝ որպես կոմպոզիտոր, որպես դիրիժոր եւ որպես վերջապես փայլուն դաշնակահար: Նա ունիվերսալ մարդ էր երաժշտության մեջ եւ նրա թողած հետքը հայկական երաժշտության մեջ անգնահատելի է: Սա ինչ որ վերաբերվում է նրա գործնական կյանքին: Լինելով նրա բավականին մտերիմ ընկերներից մեկը, այն ընկերներից, որի հետ շփվել է 40-50 տարի՝ ասեմ, որ շատ կազմակերպված, շատ խստապահանջ էր առաջին հերթին իր, ապա մեր պետական ջազ նվագախմբի նկատմամբ: Ֆանատն էր իր գործի, շատ քիչ մարդ կար նրա նման Սովետմիությունում»,- ասաց նա:
«Մալխասը» դժվարանում է նրան համեմատել ինչ-որ մեկի հետ, քանի որ իր կարծիքով՝ շշմելու տաղանդ ուներ երաժշտության նկատմամբ. «Շատ հետաքրքիր մարդ էր, շատ պատրաստված, ինտելեկտուալ եւ էդ ամեն ինչը առնչվում էր իր երաժշտությանը: Տեղյակ եք, որ բացի երգերից, որոնք բազմաթիվ անգամ հիշատակվել են ամբողջ Խորհրդային միությունում, ուներ սիմֆոնիկ, դասական ժանրի կոմպոզիցիաներ, ոոնք կատարվում են մինչեւ այսօր»:
Թե ինչպիսի ընկեր էր Օրբելյանը, ջազմենը կարճ ասում է՝ «շատ օգնող, հասնող, շատ հետաքրքիր» եւ դժվարանում հիշել նրա հետ կապված որեւէ հետաքրքիր դեպք:
«Մեր բոլոր հանդիպումներն էլ հետաքրքիր եղել: Եթե բոլորի մասին հիշեմ, օրը կպրծնի»,- նշեց նա:
50 տարվա ընկերներն արդեն 10 տարի հանդիպում էին տարին մեկ անգամ՝ սեպտեմբերին:
«Վերջին անգամ հանդիպել ենք սեպտեմբերի 19-ին, երբ Երեւան էր եկել: Արդեն 10 տարի ամեն տարի սեպտեմբերին էր Օրբելյանը Երեւան գալիս»,- ավելացրեց Լեւոն Մալխասյանը:
Նշենք, որ սիրված կոմպոզիտորը մահացել է ապրիլի 24-ին Լոս Անջելեսում 85 տարեկան հասակում: Ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:




























