Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Զիլանդի Բիզնեսի եւ տեխնոլոգիաների ինստիտուտի /Դանիա/ պատվիրակությանը: Սա դանիական պատվիրակության երկրորդ աշխատանքային այցն է Հայաստան, նրանք հետարքրքված են Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարով՝ համապատասխան մասնաճյուղի բացման եւ համատեղ կրթական աստիճանների շնորհման տարբերակով: Հանդիպման ընթացքում հյուրերը Ա. Աշոտյանին ներկայացրել են Զիլանդի Բիզնեսի եւ տեխնոլոգիաների ինստիտուտի գործունեությունը՝ տեղեկացնելով, որ իրենք հետաքրքված են հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական ծրագրերով:
Արմեն Աշոտյանը, ողջունելով համագործակցության առաջարկը, նշել է բարձրագույն կրթության միջազգայնացումը Հայաստանի կրթության համակարգի առաջնահերթություններից է եւ Հայաստանը շահագրգիռ է միջբուհական կապերի զարգացման ծրագրերով: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում բուհական «կամպուս» ստեղծելու հնարավորության հեռանկարը եւ այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարը կարեւորել է բարձրագույն կրթության ոլորտում ներդրումների ներգրավումը: Որպես համագործակցության հաջողված օրինակ` Արմեն Աշոտյանը նշել է, որ հայկական տեխնիկական բուհերը հաջողությամբ համագործակցում են այդ ոլորտի խոշոր ընկերությունների հետ, մասնավորապես Սինոփսիս, Սամսունգ եւ այլն:
Արմեն Աշոտյանը ներկայացրել է նաեւ ՀՀ բարձրագույն կրթության համակարգը՝ շեշտելով, որ Հայաստանի բուհերում մեծ թիվ են կազմում նաեւ օտարերկրյա ուսանողները` Իրանից, Հնդկաստանից, Արաբական երկրներից, Ռուսաստանից, ինչպես նաեւ Սփյուռքից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնման եւ Երեւանում 2015-ին նախարարական գագաթաժողովի անցկացման հարցերին:




























