Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն, այսօր՝ ապրիլի 25-ին, հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկու հետ` վերջինիս նախաձեռնությամբ:

ՀԱԿ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում, դեսպանի խնդրանքով, նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամային իրավիճակը, երկրում ժողովրդավարության եւ օրինականության հաստատման, տնտեսական զարգացման եւ սոցիալական իրավիճակի բարելավման ճանապարհին առկա խոչընդոտները: Տեր-Պետրոսյանը առաջնային մարտահրավեր է համարել իշխանությունների ոչ օրինակարգ լինելը, արտագաղթի տագնապալի ծավալները, համակարգային կոռուպցիան:

Կողմերը կարծիքներ են փոխանակել նաեւ տարածաշրջանային եւ միջազգային քաղաքականության խնդիրների, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ: