Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ամբողջությամբ առարկում է գազի գնի բարձրացման դեմ Հայ ազգային կոնգրեսի կողմից ներկայացրած հայցադիմումին, որտեղ որպես համահայցվորներ հանդես են գալիս 7230 քաղաքացիներ: Հանձնաժողովը իր առարկությունների վերաբերյալ գրություն է ուղարկել հայցադիմումով դատարան դիմած բոլոր քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն ու մյուս հայցվորները ապրիլի 7-ին դիմել էին ՀՀ վարչական դատարան` խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի փետրվարի 26-ի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին" №54Ն, «Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների սահմանման մասին» №53Ն և «Բնական գազի փոխադրման սակագնի սահմանման մասին» №52Ն որոշումները:

Հայցադիմումում ներկայացրած փաստարկները Հանձնաժողովը գնահատում է անհիմն` մի քանի փաստերից ելնելով: Օրինակ, ըստ Հանձնաժողովի` իրականությանը չի համապատասխանում հայցվոր կողմի մատնանշած այն փաստարկը, ըստ որի՝ վերջին 5 տարիների ընթացքում «ՀայՌուսգազարդը» բնական գազը ստանում է 60 հազար դրամ անփոփոխ մեծածախ գնով:

Ինչ վերաբերվում է ընկերության աշխատողների թվաքանակին, ապա, ըստ առարկությունների, այն կախված է «ոչ թե գազի սպառման ծավալներից, այլ Ընկերության կողմից սպասարկվող բաժանորդների քանակից, որոնք տարեցտարի աճում են»:

«Միաժամանակ, փաստում ենք, որ աշխատողների, այդ թվում նաև` ղեկավար անձնակազմի, միջին աշխատավարձի աճ Հանձնաժողովն իր հաշվարկներում չի նախատեսել»,- նշված է առարկությունների մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հանձնաժողովի կայքից: