Մայիսի 14-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստը: Այդ կապակցությամբ Երեւան են ժամանել Հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների ներկայացուցիչներ, Հիմնադրամի բարերարներ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հիմնադրամից, մինչ նիստը նախատեսվում է հնգօրյա աշխատանքային այցելություն Լեռանային Ղարաբաղ: Պատվիրակությունը կայցելի Հիմնադրամի հետեւյալ ծրագրեր.

Գորիս քաղաքի սրտաբանական հիվանդանոց (հովանավորներ` Ֆրանսիայի եւ Լիբանանի տեղական մարմիններ),

Գիշի գյուղի միջնակարգ դպրոց (hովանավորներ` Հեռուստամարաթոն 2008, Վարդանյանների ընտանիք հիմնադրամ եւ ԼՂՀ Կառավարություն),

Ճարտար գյուղի միջնակարգ դպրոց (hովանավոր` Ֆրանսիայի տեղական մարմին եւ ԼՂՀ Կառավարություն) Ստեփանակերտի թիվ 11 դպրոց (hովանավոր` Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմին),

Շուշի քաղաքի Աբովյանի եւ Մուրացանի անվան դպրոցներ, հիմնանորոգվող երեք փողոցների եւ խմելու ջրի ներքին ցանցի ծրագրեր, քաղաքային գրադարան, մշակույթի տուն:

Ղարաբաղյան այցելության ընթացքում տեղի կունենան Սպիտակաշենի գյուղի նորակառույց միջնակարգ դպրոցի (hովանավոր` Տորոնտոյի տեղական մարմին, Կանադա) եւ Սոս գյուղի խմելու ջրի ջրագծի բացման պաշտոնական արարողությունները (hովանավոր` Ֆրանսիայի տեղական մարմին):

Պատվիրակությունը կայցելի Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի եւ կմասնակցի Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառումներին: