Վերոնայի քաղաքապետ Ֆլավիո Թոսին տուգանք է սահմանել բոլոր նրանց համար, ովքեր կկերակրեն իտալական քաղաքի անօթեւաններին: Թափառաշրջիկության դեմ պայքարի նոր դաժան միջոցները նախատեսում են 500 եվրո չափով տուգանք ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղի բնակիչների համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Corriere della Sera» թերթին:
Քաղաքապետի խոսքով՝ խնդիրը սրվել է այն բանից հետո, երբ թափառաշրջիկները բռնագրավել էին քաղաքային այգին, վերածել այն բնակության մշտական վայրի: Այժմ քաղաքը 260 հազար բնակիչ ունի, որից 1000-ն անօթեւաններ են: Թերթը վկայում է, որ քաղաքապետին պաշտպանել է քաղաքացիների մի մասը, որը վախենում է, որ «անօթեւանների թվի աճն էկոլոգիական աղետի կարող է հանգեցնել»:
Իր հերթին անօթեւանների օգնության տեղական հասարակական կազմակերպությունում հայտարարել են, որ «ուրիշներին օգնող մարդկանց տուգանելն իրավիճակից ելք չէ»:
«Եթե հիգիենայի հետ կապված խնդիրներ են առաջանում, ապա իշխանությունները պետք է զբաղվեն փողոցներում կարգուկանոնի հաստատմամբ»,- նշել են կազմակերպությունում:
Տեղական խորհրդի որոշ պատգամավորներ քաղաքապետին մեղադրել են, որ իր գաղափարն ավելի շուտ փիար-քայլ է առաջիկա ընտրություններին ընդառաջ:



























