Գյումրիի առաջին ատյանի դատարանում Արտյոմ Կարապետյանի («Շեկո») սպանության գործով ապրիլի 25-ի դատական նիստին վկայություն տվեցին գործով տուժող, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի քավոր Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութի») եղբայրը, զոքանչն ու քենին, որոնք միաբերան հայտարարեցին, որ դեպքին անտեղյակ են:

 «Ոչ տեղեկություն ունեմ, ոչ էլ ինչ-որ բան լսել եմ կամ տեսել, չեմ էլ փորձել հետաքրքրվել` ինչ է տեղի ունեցել»,- ցուցմունք տալիս ասաց Քավոր Հարութի  եղբայրը՝ Արարատ Խաչատրյանը, որի, ինչպես նաև մյուս վկաների նկատմամբ դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել, քանի որ նրանք նախորդ նիստերին հրաժարվել էին ներկայանալ դատարան։ Արարատ Խաչատրյանը պատմեց, որ ինքն այդ օրը պատահածի մասին իմացել է եղբոր տան մոտ հավաքված ոստիկաններից:

«Երբ որ ես հասա եղբորս տան մոտ, ոստիկաններն ինձ ասեցին, որ քավորի վրա կրակել են ու նա հիվանդանոցում է, ես էլ ուրիշ բան չեմ իմացել: Մեկ էլ գնացի հիվանդանոց, բայց էլ ոչինչ չեմ իմացել: Միայն հաջորդ օրն եմ եղբորս տեսել, այն էլ անգիտակից վիճակում պառկած: Այլեւս ոչինչ չգիտեմ: Գիտեմ միայն, որ իմ եղբայրը թշնամիներ չունի»-դատարանում ցուցմունք տալիս ասաց Քավոր Հարութի եղբայրը։

Մյուս վկան`Հարութի զոքանչը նույնպես հայտարարեց, որ Քավոր Հարութը ոչ մի թշնամի չունի ու չի էլ ունեցել։ Նա նաև նշեց, որ ինքը դեպքի մասին ոչինչ չգիտի բացի նրանից, որ այդ օրն իր փեսայի վրա կրակել են ու տեղափոխել հիվանդանոց, ինչի մասին իրեն ասել է իր աղջիկը։ Երրորդ վկան` քավոր Հարութի քենին, կրկնեց նախորդ վկաների ցուցմունքները՝ առաջարկելով վերցնել ու կարդալ իր նախաքննական ցուցմունքը։

Այսօրվա դատական նիստին երկար բացակայությունից հետո ներկա էր Հարություն Խաչատրյանը, որը նիստի կեսից հեռացավ դահլիճից: Մինչև այդ մեղադրող կողմը նրան հարցրեց`արդյոք դեպքի օրն ինչ-որ մեկին կրակել է, ինչին Քավոր Հարութը բացասական պատասխան տվեց:

 «Ինձ մոտ ոչ զենք է եղել, ոչ էլ ես ինչ-որ մեկին կրակել եմ»-ասաց  նա:

Դատական նիստին չէին ներկայացել Քավոր Հարութի երեխաները: Քավոր Հարութն ասաց, որ որդին Ռուսաստանի Դաշնություն է մեկնել, դուստրն էլ դատարան ներկայանալու ցանկություն չունի։ Դատավորը հրապարակեց Քավոր Հարութի կրտսեր դստեր` 12-ամյա Քնարիկի նախաքննական ցուցմունքը:

«Պապաս ինձ սովորականի նման դպրոցից եկավ, տարավ տուն, հասանք շենքի մոտ, զանգեց մամայիս, որ իջներ, գնայինք հոպարի տուն: Ես մեքենայի հետեւում էի նստած, պապաս վարորդի կողքը, իջավ, դուռը բացեց ու կրակոց եղավ, պապաս ընկավ ու ինձ գոռաց, որ փախնեմ, ես էլ փախա մտա, խանութ, բայց չեմ տեսել՝ ով էր կրակում: Պապայիս մոտ էլ զենք չեմ տեսել»,-նախաքննական ցուցմունքում գրել էր Քնարիկը։

Դատական նիստը հետաձգվեց մինչեւ մայիսի 6-ը: Կրկին որոշում կայացվեց բերման ենթարկել թվով 4 վկաների, այդ թվում ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորը՝ Կամո Գրգորյանին:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013թ. ապրիլի 23-ին։  Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինը հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Վահե Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ ինքնապաշտպանվել է, եւ առաջինը իր վրա են կրակել:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: Վահե Ղուկասյանի եւ «Քավոր Հարութի» միջեւ հակամարտության պատմությունը գալիս է դեռեւս 2013-ից, երբ «Քավոր Հարութի» այն ժամանակ դեռ անչափահաս որդին՝ Գեւորգ Խաչատրյանը, Սլաբոտկա թաղամասում վիճաբանելով Վարդան Ղուկասյանի եղբոր ՝Գեվորգ Ղուկասյանի հետ, հարվածել էր վերիջինին՝ հասցնելով մարմնական վնասվածք: Այս դեպքից հետո հակամարտող ընտանիքների երիտասարդները հաշտության եզրեր չգտան, մինչեւ տեղի ունեցավ ողբերգություն: