Վրաստանում անցկացվում են Հայ մշակույթի օրեր: Եռօրյա ծրագրի մանրամասները համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել են Հայաստանի եւ Վրաստանի մշակույթի փոխնախարարներ Արթուր Պողոսյանն ու Դավիթ Քիրիան: Նախաձեռնության նպատակը մշակույթի միջոցով երկու ժողովուրդներին առավել մերձեցնելն է: Իսկ ծրագիրը հագեցած է. ցուցահանդեսներ, համերգներ, թատերական ներկայացումներ Պետրոս Ադամյանի անվան հայկական եւ Շոթա Ռուսթավելու անվան վրացական դրամատիկական թատրոններում:
«Հայ մշակույթը Հայաստան պետության այցեքարտն է»,- ասել է Արթուր Պողոսյանը` համաձայնելով վրաց գործընկերոջ կարծիքին, թե մշակութային համագործակցությունը լուրջ նշանակություն ունի հարեւան ժողովուրդների դարավոր կապերի, բարեկամության ամրապնդման հարցում: Վրաստանում, սակայն, հայկական պատմամշակութային հուշարձանների, մասնավորապես` եկեղեցիների, հայկական թատրոնի հետ կապված խնդիրներ կան:
Հայկական պատվիրակությունը հանդիպումների ընթացքում խոսելու է դրանց մասին, փորձելու է գտնել այդ խնդիրների լուծման ուղիներ:
«Ես Վրաստան եմ ժամանել կոնկրետ առաջարկություններով, մասնավորապես` հայկական հուշարձանների վերականգնման ընթացքում Հայաստանի մասնակցության առումով. մենք առաջարկում ենք մասնագիտական օգնություն»,- նկատել է Հայաստանի մշակույթի փոխնախարարը: Հաջողության հասնելու հույս հայ պաշտոնյան ունի. ամեն դեպքում, առանց արդյունքի ակնկալիքի, ըստ նրա, բանակցություններ չեն սկսվում:
Երկու երկրների մշակութային գերատեսչությունների պատասխանատուները քննարկելու են նաեւ իրավապայմանագրային նոր դաշտի ստեղծման հետ կապված հարցեր: Գոյություն ունեցող աշխատանքային ծրագիրը, որի շրջանակում էլ անցկացվում են Հայ մշակույթի օրերը, այս տարի ավարտվում է եւ մինչեւ տարեվերջ մշակվելու ու հաստատվելու է հետագա համագործակցության նոր ծրագիրը:




























