Տպագիր մամուլի ոլորտում չկա որեւէ խնդիր, որն անցել է «Հայկական ժամանակի» կողքով. սա այն թերթն է, որ իր վրա բազմաթիվ դժվարություններ է կրել։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրեն Աննա Հակոբյանը։

Նրա խոսքով, տպագիր մամուլի ոլորտում խնդիրները բազմաթիվ են, սակայն դրանց լուծման միտում եւս նկատվում է. «Կրիայի արագությամբ, սակայն խնդիրների լուծման միտումներ կան»,- նկատեց նա՝ միեւնույն ժամանակ ավելացնելով, որ դա դեռ չի նշանակում, թե տպագիր մամուլում առկա խնդիրները նվազել են։

Հիշեցնելով, որ տասը տարի առաջ «Հայկական ժամանակը» տպագրվել է 2 հազար օրինակով, իսկ այժմ լույս է տեսնում թերթի 8 հազար օրինակ՝ Հակոբյանը նկատեց, որ խմբագրության առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրների կողքին (առաքում, իրացում եւ այլն) կա նաեւ մեկ այլ կարեւոր հարց՝ թերթի գլխավոր խմբագրի՝ Նիկոլ Փաշինյանի բացակայությունը. «Գլխավոր խմբագրի բացակայության պայմաններում աշխատելը շատ լուրջ հարց է, բայց արդեն երկրորդ տարին է՝ փորձում ենք թիմային աշխատանքի միջոցով հնարավորինս լրացնել բացը»,- նշեց «Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրենը։

Ամփոփելով՝ Ա. Հակոբյանը նկատեց, որ իր արտասահմանցի գործընկերների հետ հանդիպման ժամանակ անհարմարության զգացումով է նշում, որ Հայաստանում ամենամեծ տպաքանակ ունեցող թերթը լույս է տեսնում ընդամենը 8 հազար օրինակով. «Ամեն անգամ այդ մասին խոսելիս մոտավորապես ուզում եմ անցնել սեղանի տակ. դա խոսում է մեր երկրում առկա իրավիճակի մասին»։

Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը անազատության մեջ է 2008 թ. մարտի 1-ի իրադարձություներից ի վեր։