Երեւանում ապրիլի 27-ին ժամը 15:00-ին կազմակերպվում է «Կանաչ ուղի» հեծանվային արշավը, որի շրջանակներում պաշտոնապես կբացվեն Երեւանում առաջին հեծանվակայանները` 10-ը մեծ եւ փոքր կենտրոնում եւ եւս 8-ը` քաղաքի այլ թաղամասերում:
Արշավը կազմակերպվել է «Օրանժ Ֆիթնես» եւ My Bike, DreamShots ընկերությունների, Սիրողական հեծանվային սպորտի եւ հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի հետ համատեղ:
«Սա կարեւոր միջոցառում է բոլոր երեւանցիների համար: Այն ի թիվս մի շարք այլ կարեւոր նշանակությունների, լուծում է նաեւ էկոլոգիական խնդիր. մենք բարելավում ենք այն միջավայրը, որտեղ ապրում ենք: Եվ հավատում ենք, որ քաղաքում տեղադրված հեծանվակայանների միջոցով կարող ենք խթանել համապատասխան ենթակառուցվածքի զարգացմանն ու դարձնել մեր քաղաքն ավելի ժամանակակից»,- նշել է Ամերիաբանկի Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
Հավելենք, որ մեկնարկելով Ազատության հրապարակից` հեծանվային վազքուղին կշարունակվի Երեւանի կենտրոնում տեղակայված բոլոր 10 հեծանվակայաններով եւ կավարտվի «Օրանժ Ֆիթնես» ակումբում:
Անվտանգության նկատառումներով վազքուղին, ըստ միջոցառման ժամանակացույցի, հատված առ հատված կփակվի:
«Կանաչ ուղի» հեծանվային արշավին մասնակցության հայտ է ներկայացրել մոտ 300 հոգի:




























