Ապրիլի 27-ին հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է. լրանում է գրողի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հովհաննես Շիրազի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է Շիրազի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը հաստատվել է հանձնաժողովի կողմից: Միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 27-ին Գյումրիում՝ բանաստեղծին նվիրված հիշատակի երեկոյով, տուն-թանգարան այցելությամբ եւ կշարունակվեն ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարվա ընթացքում: Մասնավորապես, նախատեսվում է նաեւ 2 հոբելյանական հիշատակի երեկոյի անցկացում Գյումրիում եւ Երեւանում, Հ. Շիրազի գրավոր ժառանգության հանրային շնորհանդեսների կազմակերպում, գրողի երկերի լիակատար ժողովածուի հրատարակում, փաստագրական ֆիլմի նկարահանում, Շիրազին նվիրված միջոցառումների, ցուցահանդեսների, գրական ցերեկույթների, դպրոցական շարադրությունների մրցույթի կազմակերպում եւ այլն:



























