Երկու ամիս առաջ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նախաձեռնությամբ համաժողով է կազմակերպվել, որի քննարկմանն են ներկայացվել ցեղասպանության հետ կապված հայկական պահանջի 10 կետեր: Այդ մասին այսօր` ապրիլի 26-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է թուրքական «Dur De» (Ոչ ռասիզմին եւ ազգայնականությանը) կազմակերպության ներկայացուցիչ Լեվանթ Շեմսեւերը:
Նրա խոսքով, կազմակերպությունը վերջերս շփումների մեջ է մտել հայկական սփյուռքի մի քանի կազմակերպությունների հետ, որոնց մի մասը սկսել է նաեւ Թուրքիայում գործունեություն ծավալել: «Երկու ամիս առաջ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Անկարայում համաժողով էին կազմակերպել, որին մենք եւս ներկա էինք: Քննարկման էին դրվել հայկական պահանջի 10 կետեր: Դրանց շուրջ այնպիսի համաձայնություն է ձեռք բերվել, որ արտահայտում է հայկական սփյուռքի բոլոր պահանջները: Մեր կազմակերպությունը առանց վերապահումների ընդունում է այդ բոլոր կետերը եւ այսուհետ էլ բոլոր ուժերով աջակցություն է ցուցաբերելու նմանատիպ նախաձեռնություններին»,- նշել է թուրքական կազմակերպության ներկայացուցիչը:
Անդրադառնալով հիշյալ կետերի բովանդակությանը, նա նշել է, որ հստակ չի հիշում դրանք, բայց առանձնացրել է քաղաքացիության իրավունքի, ցեղասպանության զոհերի ունեցվածքի վերադարձի, ճանաչման եւ ներողություն հայցելու մասին կետերը:




























