Հայերը զոհի բարդույթ ունեն, սակայն դա չի կարելի բացասական լույսի տակ դիտարկել: Այս մասին այսօր` ապրիլի 26-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության եւ զարգացման ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը:

«Ընդհանրապես, արեւելյան ժողովուրդները նմանատիպ բարդույթներ շատ ունեն: Բայց ես այն բացասական լույսի տակ չեմ դիտարկում: Հատկապես եթե քաղաքական դիվիդենտներ է բերում: Նույն բարդույթը, նույնիսկ ավելի ուժեղ արտահայտմամբ, առկա է նաեւ հրեաների մոտ, որոնք տարբեր ժամանակներում նույնպես ոչնչացման են ենթարկվել: Սակայն նրանք այդ բարդույթը վարպետորեն քաղաքական զենք են դարձրել` աշխարհի ուշադրությունն իրենց խնդիրներին գամելու համար: Մեզ մոտ էլ են այսպես կոչված «զոհի բարդույթի» նոտաները քաղաքական ասպետկներում հնչում: Բայց դրանք բոլորովին էլ անպաշտպանվածության եւ թուլության նշան չեն: Դա ընդամենը պաշտպանական եւ պայքարի տակտիկա է»,- հավելել է Սամվել Խուդոյանը:

Ժողովրդին այդ վիճակից, հոգեբանի գնահատմամբ, կարող է հանել միայն թուրքերի կողմից ցեղասպանության ճանաչումը: «Այն, որ այսօր աշխարհում գերմանացիներին դրական են վերաբերվում, նրանց կողմից Հոլոքոստի ճանաչման հետեւանքն է: Իզուր չեն ասում, որ ցեղասպանության հերքումը դրա շարունակությունն է: Կարծում եմ, բարենպաստ հանգամանքների առկայության պարագայում, թուրքերը մեկ անգամ էլ ցեղասպանություն կգործեն»,- նշել է նա:

Հոգեբանը խորհուրդ է տալիս գործնական հանդիպումներին թշնամու նկատմամբ հնարավորինս հազվադեպ մտքեր բարձրաձայնել եւ զգացումներ արտահայտել` միայն ծայրահեղ  անհրաժեշտության դեպքում: Հարկավորը թշնամու տակտիկայով շարժվել: Ընդ որում, Խուդոյանի գնահատմամբ, այդ հարցում արդեն որոշ առաջընթաց կա: «Մենք տեսնում ենք, որ թուրքերի մեջ կան մարդիկ, որոնք իրենց իշխանություններից պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դա օրինաչափ է: Չէ՞ որ մարդիկ փոխվում են: Իսկ եթե թուրքին շարունակ ասես, որ ինքը սրիկա է, այդպիսին էլ կմնա, ինչը պրակտիկայով է ապացուցվում: Հրեաները հենց այդ կերպ են վեր բարձրացրել իրենց ազգին` ներշնչելով, թե հանճարեղ են»,- հիշեցրել է հոգեբանը:

Վերջին 30 տարիների մեր բնակչության հոգեբանական մտածելակերպի գնահատմանն անդրադառնալով, Սամվել Խուդոյանը նշել է, որ ագրեսիան կրկնակի աճել է: Հանդգնությունը, եսասիրությունը, նյութապաշտությունը` նույնպես: Ընդ որում կրկնակի անգամ նվազել է ալտրուիզմը: Նկատվել է նաեւ պրագմատիզմի աճ: