Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն 5-րդ անգամ իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպում է ավանդական դարձած ծաղկահավաք:
Ապրիլի 26-ի միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած կամավորները, մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ՝ ներառյալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները, դպրոցականներ եւ ուսանողներ, նոր շունչ հաղորդեցին ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր բերված հազարավոր ծաղիկների:
Մինչեւ ծրագրի մեկնարկը`2010 թվականը, շուրջ 2 տոննա ծաղիկ հավաքվում եւ այրվում էր որպես աղբ: Այդ խնդրի բնապահպանական լուծումն ապահովելու նպատակով, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նախաձեռնել եւ 2010 թվականից սկսել է իրականացնել ծաղկահավաքի միջոցառումը: Հիմնադրամի այս նախաձեռնությունը Երկրի օր քարոզարշավի շրջանակներում իրականացվող հիմնական միջոցառումներից է, որն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ:
Անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվեցին, ծաղկաթերթիկներն առանձնացվեցին ցողուններից եւ օգտագործվեցին թղթի վերամշակման համար: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այդ վերամշակված թղթերն օգտագործում է բացիկներ, հրավիրատոմսեր եւ նամակներ պատրաստելու նպատակով: Իսկ ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ՝ այգիների մշակման համար:
«Այս ծաղիկները նման են մեր ազգին: Նրանք պոկված են հողից, սակայն շարունակելու են ապրել եւ հուշել, որ աշխարհը դատապարտի անմարդկայինը: Վերամշակված թղթի վրա երեւացող ծաղկաթերթիկները լուռ դեսպան են լինելու`պարտադրելով չլռել», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


































