Բնապահպանության նախարարը տեղյակ է եւ անձամբ է զբաղվում Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի հարցով։ Մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը:
Նա խնդրին առնչվող մանրամասն տեղեկություններ, սակայն, չտվեց՝ նշելով, որ դրանով զբաղվում է նախարարության թափոնների վարչությունը։
Հանդիպմանը ներկա բնապահպան Կարինե Դանիելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թունաքիմիկատների գերեզմանոցը վտանգավոր է ոչ միայն հարակից բնակավայրի բնակիչների, այլեւ Երեւանի եւ Արարատյան դաշտավայրի համար։
«Այդպիսի գերեզմանոցների գոյությունը ամենավտանգավոր երեւույթն է, ի տարբերություն այլ թափոնների գերեզմանոցի, որովհետեւ ջուրը գալիս է, հավաքվում է մեջը, ռեակցիաների ընթացքում նոր թույներ են առաջանում, հին թույների հետ միանում ջրին, այնուհետեւ խառնվում ստորգետնյա եւ վերգետնյա ջրերին»։
Նա նաեւ նշեց, որ թունաքիմիկատները կարող են տարբեր տեսակի հիվանդություններ առաջացնել, բայց ազդում են հատկապես նյարդային համակարգի վրա։
«Նոր ռեակցիաների են տեղի ունենում, նոր թունավոր նյութեր են առաջանում, այնպես որ հիմա դժվար է հստակ ասել, թե ինչ միացություններ են առաջացել, բայց այն համալիր ազդեցություն ունի օրգանիզմի իմունային, սրտանոթային համակարգերի վրա»,-ասաց բնապահպանը՝ հավելելով, որ նմանատիպ լքված ու առանց վերահսկողության գերեզմանոցները Հայաստանում մի քանիսն են։
Հիշեցնենք, որ մայիսի երեքին լրագրողների հետ հանդիպմանը հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը եւ բնապահպան Մարիամ Սուխուդյանը հայտարարել էին, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վրայից ինչ-որ մեկը բուլդոզերով հեռացրել է վերեւի 2 մետրանոց հողաշերտը, եւ ներկայումս ողջ թունաքիմիկատները դուրս են եկել հողի մակերեւույթ։




























