Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց իր հրավերով Հայաստան ժամանած Հելսինկիի միտրոպոլիտ Ամբրոսիոսին ու նրա ուղեկիցներ իրավաբանական գիտությունների դոկտոր տիար Անտի Հայկինհայմոյին եւ ֆիննական քաղաքապետարանի միության ղեկավարի տեղակալ տիար Տիմո Կիտեւեյնեին:
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, թե, Ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ, Նորին Սրբությունն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց նրանց` միաժամանակ ընդգծելով այս հանդիպման կարեւորությունը Հայ Առաքելական եւ Ֆին Ուղղափառ Եկեղեցիների միջեւ ձեւավորված միջեկեղեցական հարաբերությունների առավել զորացման ու փոխգործակցության առումով:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը մասնավոր անդրադարձ ունեցավ Ուղղափառ եւ Քույր Եկեղեցիների հետ Հայ Եկեղեցու ունեցած ջերմ հարաբերություններին, ներկայացրեց Էկումենիկ ոլորտում արձանագրված հաջողությունները, ինչպես նաեւ խոսեց մարտահրավերների մասին, որոնք ալեկոծում են եկեղեցական կյանքն ու խաթարում սիրո մթնոլորտը` հորդորելով միասնական աղոթքով դիմագրավել բոլոր խոչընդոտներն ու փորձությունները:
Իր հերթին Գերաշնորհ Ամբրոսիոս միտրոպոլիտը նշեց, որ այս հանդիպումն աստվածաբանական երկխոսության առումով շատ լուրջ նշանակություն ունի Հայ եւ Ֆին Եկեղեցիների համար, եւ այն ավելիով նպաստելու է երկու Եկեղեցիների միջեկեղեցական հարաբերությունների ավելի սերտացմանն ու ջերմացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ Հելսինկիի միտրոպոլիտը նաեւ քաղցրության վերհիշեցին իրենց ուսումնառության տարիները Զագորսկի հոգեւոր ակադեմիայում:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Հանդիպումից հետո Ամբրոսիոս միտրոպոլիտն իր ուղեկիցների հետ Մայր Տաճարում մասնակցեց Սուրբ եւ Անմահ Պատարագին:



























