Հաստատված հայեցակարգի համաձայն մայրաքաղաքում շարունակվում են Երեւանի արտաքին տեսքի բարեկարգմանն ու ձեւավորմանն ուղղված աշխատանքները:  2014թ-ի ծրագրով այս տարի եւս բոլոր վարչական շրջանները կկահավորվեն հարմարավետ նստարաններով ու աղբամաններով: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե մայրաքաղաքի արտաքին կահավորման բաղկացուցիչը դարձած նորաոճ նստարանները կտեղադրվեն  այգիներում, պուրակներում ու հանգստի այլ գոտիներում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ 2012 թվականից սկիզբ առած այս գործընթացը մեծ սիրով ընդունվեց ինչպես երեւանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հազարավոր հյուրերի կողմից: Հարկ է նշել, որ 2012 եւ 2013 թվականների ընթացքում մայրաքաղաքը կահավորվել է նմանատիպ շուրջ 1200 նստարաններով ու ավելի քան 850 աղբամաններով: Մինչ ընթացիկ տարվա վերոնշյալ ծրագրի մեկնարկը այս օրերին թարմացվում են նախորդ տարիներին մայրաքաղաքում տեղադրված նստարանները: Համաձայն պայմանագրային պարտավորության, նստարաններն արտադրող ընկերությունն իր հաշվին, լաքապատման եւ ներկման միջոցով, վերականգնում է նստարանների արտաքին մաշված շերտերն ու կողային հատվածները: Ընկերության կողմից համանման աշխատանքներ են տարվում նաեւ նորաոճ աղբամանների թարմացման ուղղությամբ: