Թուրքիայում Ցեղասպանությունից փրկվածների ժառանգներից եւ դեռեւս Դիարբեքիրում ապրող հայ ամուսիններ 84-ամյա Սըթքը Էքենը (Սարգիս) եւ Բայզո Ալաթան ամուսնությունից 60 տարի անց Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում իրականացրել են իրենց պսակադրությունը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի նորընտիր քաղաքապետ Գյութան Քըշանաքը Սուրբ Զատիկի տոնին այցել էր հայ ամուսինների բնակարան եւ պսակադրվելու ցանկությունը լսել, որից հետո ձեռնամուխ է եղել պսակադրության կազմակերպմանը։

Տարեց հայ ամուսինները Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցի են եկել զարդարված կառքով, որից հետո եկեղեցում հյուրերի մասնակցությամբ տեղի է ունեցել զույգերի պսակադրությունը, որին որպես կնքահայր եւ կնքամայր են հանդես եկել Դիարբեքիրի համաքաղաքապետեր Գյուլթան Քըշանաքը եւ Ֆըրաթ Անըլը։

Պսակադրությունից հետո Սարգիս Էքենը նշել է, թե չի ցանկացել առանց պսակադրության մահանալ եւ շեշտել, որ շատ երջանիկ է պսակադրվելու առթիվ եւ նման երջանկություն բոլորին է մաղթում։