Հայաստանի ԱԻ նախարարությունում այսօր՝ ապրիլի 28-ին տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ դեպքերի, իրականացված միջոցառումների եւ ծրագրերի, ինչպես նաեւ մարզերում ճգնաժամային կառավարման կենտրոնների կառուցման ընթացքի մասին:
ՍՊԾ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը տեղեկացրեց, որ ներկայումս ՀՀ ԳԱԱ գիտնականների հետ քննարկվում են Գառնու դիտարանի դեֆորմոգրաֆի էլեկտրոնիկայի վերականգնման եւ թվայնացման խնդիրները, միաժամանակ` ակտիվորեն շարունակվում են դիտարանի շենքի վերանորոգումն ու տարածքի բարեկարգումը:
ՄԵՎԱՆԾ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցեց հանրապետությունում հակակարկտային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման եւ նոր հակակարկտային կայանների տեղադրման գործընթացի մասին: ԱԻ նախարարը հանձնարարեց նաեւ առաջարկ ներկայացնել Լոռու մարզում գտնվող ռադիոլոկացիոն կայանի առավել արդյունավետ ու նպատակային օգտագործման վերաբերյալ, որպեսզի այն առավել մեծ տարածք կարողանա սպասարկել:
ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը զեկուցեց, որ նախարարության 2-րդ մասնաշենքում օրերս կսկսվեն հաշմանդամների համար նախատեսված վերելակի կառուցման աշխատանքները, որի շնորհիվ նախարարությունում աշխատող եւ հենաշարժական խնդիրներ ունեցող հաշմանդամները կկարողանան օգտվել շենքի երկրորդ հարկում գտնվող մարզադահլիճից ու լայնորեն ընգրկվել տարբեր մարզական եւ մշակութային միջոցառումների:
Ա.Երիցյանը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրեց, որ շատ շուտով ԱԻ նախարարությունն ունենալու է առանձին արխիվ, որտեղ պահվելու են հանրապետությունում գրանցված բոլոր արտակարգ դեպքերի տեսանկարահանումները: Սա նոր հնարավորություն կստեղծի արտակարգ դեպքերի մշտադիտարկման ու վերլուծության համար, ինչպես նաեւ ավելի արդյունավետ կդարձնի իրավապահ մարմինների հետ նախարարության համագործակցությունը:
Խորհրդակցությանն առցանց մասնակցում էին ԼՂՀ փրկարար ծառայության եւ ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը, ովքեր զեկուցեցին իրենց տարածքներում տեղի ունեցած արտակարգ դեպքերի եւ դրանց արձագանքման մասին:




























