Խորհրդարանի նախագահի աշխատանքային գրաֆիկը խիստ հագեցած է լինում, բայց ես կփորձեմ հնարավորության սահմաններում հասանելի լինել լրագրողների համար: Այս մասին այսօր` ապրիլի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք Ազգային Ժողովի նախագահ ընտրվելուց հետո շարունակելու է հասանելի մնալ լրագրողների համար:
Խմբակցության ղեկավարը խոստովանել է, որ պահպանության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ տեղաշարժվելու հեռանկարը դուր չի գալիս իրեն: «Բայց դա օրենքի պահանջն է, եւ ես ոչինչ չեմ կարող անել: Դուք կլինեք իմ թիկնապահները»,- կատակել է Սահակյանը:
Ի պատասխան հարցի, թե արդյոք միանգամից է համաձայնություն տվել խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկին, Սահակյանը նշել է, որ ինքն այն մարդկանցից չէ, ում պետք է երկու անգամ խնդրել: «Խնդիրն այնպես էր դրված, որ կարողանամ լուծում տալ դրան»,- ասել է նա, համոզմունք հայտնելով, որ խորհրդարանական քվեարկության արդյունքում նախագահ է ընտրվելու: Գալուստ Սահակյանը նաեւ հավաստիացրել է, որ իշխող խմբակցության բոլոր ձայներն ունենալուց բացի, իր համար շատ կարեւոր է մնացյալ քաղաքական ուժերի վստահությանն արժանանալ:
Հիշեցնենք, որ այսօր` ապրիլի 28-ին, Ազգային Ժողովը պետք է խորհրդարանի` հանրապետության իշխող կուսակցության կողմից առաջադրված նախագահ ընտրի:




























